Անկարան հայտարարել է, որ С-400 զենիթահրթիռային համակարգերը սպասարկելու համար Թուրքիա ժամանած ռուս փորձագետներին հետ է ուղարկում Ռուսաստան, հաղորդում է Bloomberg-ը: Ինչպես նշում է գործակալության թղթակիցը, այս քայլով Անկարան որոշել է լուծել Վաշինգտոնի հետ տարաձայնություններից մեկը՝ կապված թուրքական կողմից ռուսական ՀՕՊ համակարգ գնելու հետ: Միաժամանակ, Թուրքիան մերժել է ռուսական զինատեսակից հրաժարվելու՝ ԱՄՆ պահանջը:
Ըստ աղբյուրի՝ թուրքական իշխանությունները որոշումը կայացրել են Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանն ընդառաջ, որը տեղի կունենա հունիսի կեսերին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: «Այսկերպ Անկարան «արտահայտում է փոխզիջման պատրաստակամությունը Միացյալ Նահանգներին հուզող խնդիրներից մեկում»,- գրում է Bloomberg-ը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թեմային էր անդրադարձել Հունաստան կատարած այցի ժամանակ: Նա վստահեցրել էր, որ համակարգերը լինելու են Թուրքիայի լիակատար հսկողության տակ՝ փաստորեն անտեսելով Վաշինգտոնի մտահոգությունը, թե Մոսկվան դրանք կարող է օգտագործել արևմտյան սպառազինության մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: