Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարան կմտնի: Համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի նիստում: Չնայած այդ որոշմանը` երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հրաժարվել է միանալ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկած համաձայնագրին, գրում է aliq-ը:
Կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի գնահատմամբ` համաձայնագրի կետերից մեկը կուսակցության համար «կտրականապես անընդունելի է»: Քաղաքական գործիչը, սակայն, չի նշել, թե որ կետի մասին է խոսքը:
Մելիան ճիշտ է համարել խորհրդարան մտնելու կուսակցության որոշումը, քանի որ, ըստ նրա, պետք է իշխող կուսակցության դեմ պայքարել ամենուր, լինի դա խորհրդարանական նիստերի դահլիճ, հանձնաժողովի դահլիճներ, հրապարակներ, փողոցներ, գյուղեր, տարածաշրջան: «Ամենուր Բիձինա Իվանիշվիլին պետք է ընդդիմություն ունենա»,- ասել է Մելիան:
Բանտից դուրս գալուց հետո քաղաքական գործիչը հանդիպումներ է ունեցել երկրի շրջաններում, նաև Կիև է մեկնել ու հանդիպել Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլու հետ: