ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ՔՊ համակիրների հետ հանդիպմանը հակադարձել է նախկին իշխանությունների քննադատություններին:
Ըստ նրա՝ այս պատմության մեջ իրենք ոչ թե մեղադրյալ են, այլ՝ մեղադրող:
«Ինչ արել ենք երեք տարում բանակի համար, տնտեսության համար, ընդհանրապես քաղաքացու, մարդու համար, եթե դուք նախորդ 30 տարվա ընթացքում էդ տեմպի մեկ երրորդը պահած լինեիք, մենք այսօր այս իրավիճակում չէինք լինի: Գողն առաջինն է գոռում դավաճան»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց հայացքի մեջ կա կորուստ, տառապանք, պարտություն, բայց չկա մի բան, որ կզրկի մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքից:
«Ովքե՞ր են դավաճան գոռացողները: Երկիրը թալանածնե՞րը: Ասում են՝ ձեր օրոք պարտություն է եղել: Բա ձեր օրոք Հոկտեմբերի 27 է եղել: Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, եկե՛ք, պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի համար, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է և զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին: Ձեզ թվում է, թե դուք պատասխան չե՞ք տալու»,- ասաց նա: