Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը պատրաստվում է վետո դնել Թուրքիայի հետ ԵՄ-հարաբերությունների «դրական օրակարգի» վրա:
Գրեթե մեկ ամիս է անցել Կիպրոսի հարցի քննարկման համար Ժնևում կայացած «5 + 1» ոչ պաշտոնական հանդիպումից: Ներկայումս ԵՄ-ում նկատվում է Թուրքիայի հետ հնարավոր դրական հարաբերություններ ձևավորելու միտում, գրում է Ahval-ը:
Անաստասիադեսի համոզմամբ՝ դրական օրակարգն ընդունվում է այն դեպքում, երբ կա դրական վարք: Թուրքիայի հարցով ԵՄ-ի դիրքորոշման դեպքում պետք է հաշվի առնվի Անկարայի վերաբերմունքը Կիպրոսի նկատմամբ: Մինչդեռ Անկարայի մարտահրավերներն ի վնաս Կիպրոսի, հաջորդում են միմյանց: Կիպրոսի նախագահի կարծիքով՝ Անկարան ցանկանում է կղզու հյուսիսային հատվածը վերածել «մարիոնետային պետության»:
Եվրոպական խորհրդի անդամ պետությունների հանդիպումը կկայանա հունիսի 24-25-ը: Խորհուրդը դեկտեմբերին համաձայնեց, որ Թուրքիայի հետ ԵՄ առաջարկած օրակարգը կախված կլինի նրանից, թե արդյոք Անկարան պատրա՞ստ է զարգացնել իրական գործընկերություն դաշինքի և նրա անդամ երկրների հետ և տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով ու միջազգային օրենսդրությանը համապատասխան: