Վրաստանի իշխանություններն արձագանքել են Թբիլիսիի կենտրոնում ընթացող ակցիաներին ու «Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջներին, որոնց կատարելու համար իշխանությանը մինչև կեսօր ժամանակ է տրվել, գրում է Aliq-ը:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ՀԷԿ-ի դեմ պայքարողներին ու բնակչությանը բավականաչափ տեղեկացրել են խնդրի մասին, իսկ «վերջնագրերով խոսելը մութ 90-ականներն է հիշեցնում»։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ իշխանությունը պետք է շարունակի աշխատել օրենքի ու Սահմանադրության շրջանակներում:
«Մեր դիրքորոշումն է, որ որքան հնարավոր է շատ հիդրոէլեկտրակայան կառուցվի երկրում: Պետք է առավելապես ռացիոնալ կերպով օգտագործել երկրում առկա ռեսուրսները, որպեսզի ես ու մեր համաքաղաքացիները կախված չլինենք Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից ու Հայաստանից բերվող էլեկտրաէներգիայից»,- ասել է Կալաձեն:
«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ թուրքական «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը: Նաև՝ պահանջում են Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Թուրնավայի հրաժարականը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նախագծում ուղղակիորեն մասնակցող բոլոր անձանց:
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում կազմակերպված ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր: Պահանջները չկատարելու դեպքում՝ խոստացել են մեծացնել ցույցի ծավալները և կաթվածահար անել ամբողջ Թբիլիսին, արգելափակել պետական շենքերի մուտքերը, դժվարացնել տեղաշարժը: Այս պահին վրանները դարձյալ քաղաքի հրապարակում են, և ցուցարարները գիշերում են այնտեղ: