Մեծ Բրիտանիայում Արևմտյան Սասեքսի Արունդել ամրոցից գողացել են 1 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ պատմական արժեքավոր իրեր, այդ թվում՝ 1587 թվականին մահապատժի ենթարկված շոտլանդացի թագուհի Մարիա Ստյուարտին պատկանող զարդեր:
Մայիսի 18-ին՝ լոքդաունի ավարտից հետո, միջնադարյան ամրոցը դռները բացեց զբոսաշրջիկների առաջ և թալանվեց: Ոստիկանությունից BBC News-ին հայտնել են, որ գողերն ամրոց մուտք են գործել պատուհանից ու կոտրել ապակե պահարանը, որտեղ պահվում էին թագուհու իրերը, որոնք «չափազանց մեծ ու անգնահատելի պատմական նշանակություն ունեն»:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ կողոպուտի ժամանակ ամրոցում ահազանգ է սկսվել, բայց հանցագործներին հաջողվել է վերցնել գանձերը և թաքնվել մինչև ոստիկանության ժամանումը: Մինչ օրս հանցագործների ինքնությունը պարզված չէ: Քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկություն դեռ չի ստացվել: