Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագհծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 86 պատգամավոր, ձեռնպահ՝ 1:
Նախագծի կարգավորման նպատակը հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության մոդելի անցումն է, որը հնարավորություն է ընձեռելու իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկելու ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի:
Օրենքի նպատակը հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմամբ անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հենքի ստեղծումն է: Անցումը ֆունկցիոնալության գնահատման պայմանավորված է նրանով, որ փոխվել է հաշմանդամության վերաբերյալ գաղափարախոսությունը, և նշանակալից տեղ է տրվել միջավայրային գործոններին:
Անձի գնահատման արդյունքում անձը ճանաչվում կամ չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող անձ, և որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խոր՝ ներկայիս սահմանումով հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ կարգերի փոխարեն: