Մի ձեռքում գրիչ, մյուսում՝ զենք: Արցախյան պատերազմներում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Նրանցից 4-ը զոհվել է: Այսօր նրանց հարազատ ֆակուլտետում լրագրող-ազատամարտիկների անվան լսարան է բացվել:
Վիկտորիա տատն արդեն ոչ թե թոռան նիհարելուց, այլ անվերջ կարոտից է խոսում: Էլ ով կարող է Սլավայի նման հոգ տանել իր մասին: Բանակից էլ տատի համար 40 շոկոլադե սալիկ էր ուղարկել, թե քեզ լավ նայիր, մինչև գամ:
Վյաչեսլավ Բադալյանը, որին գրեթե բոլորը Սլավա անունով էին ճանաչում, Մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետը գերազանցությամբ ավարտեց: Հասցրեց նույնիսկ մասնագիտական փորձ ձեռք բերել՝ աշխատելով թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությունում:
Լիանա Բադալյան, Սլավա Բադալյանի մայրը - Ասում էր՝ դուք իմ անունը դեռ շատ եք լսելու, մամա ջան, ես շատ հայտնի մարդ եմ դառնալու:
Քանի որ գերազանց էր սովորում, տարկետման հնարավորություն ուներ, բայց նախընտրեց ծառայության գնալ: Վստահ էր՝ բանակը գիտությամբ զբաղվելու իր պլանները չի խախտի:
Վիկտորիա Բադալյան, Սլավա Բադալյանի քույրը - Մեծ ոգևորությամբ գնաց ծառայութան, քանի որ շատ հետաքրքրասեր էր, գիտեր, որ այնտեղ իր համար շատ հետաքրքիր է լինելու՝ նոր շրջապատ, նոր ընկերներ...
Պատերազմի հենց առաջին օրը գրիչը զենքով փոխարինած լրագրողը խոցել է հակառակորդի մեկ տանկ: Հետո՝ ևս երկուսը: Զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ Հադրութի դիրքերում:
Վիկտորիա Բադալյան - Ւնկերներն ասացին, որ այդ օրը երկու տանկ է խոցել:
Պատերազմից առաջ ընտանիքից խնդրել էր այգում շատ վարդեր տնկել մինչև իր վերադարձը: Տնկել են... Համալսարանում էլ Սլավային միշտ հիշելու իրենց տարբերակն են գտել. կուրսընկերների նախաձեռնությամբ այսօրվանից ժուռնալիստիկայի ֆակուլտետում լրագրող-ազատամարտիկների անվան լսարան բացվեց:
Դավիթ Մարտիրոսյան, Սլավա Բադալյանի կուրսընկերը - Բավականին խելացի էր, լավ սովորող, ձգտող: Երբ նման նախաձեռնություն եղավ, մենք ուղղակի պարտավոր էինք մասնակցել:
Արցախի բոլոր պատերազմների ընթացքում ժուռնալիստիկայի ֆակուլտետից ճակատ են մեկնել բազամթիվ ուսանողներ, 4-ը չի վերադարձել:
Էդգար Գուշչյան, Սլավա Բադալյանի կուրսընկերը - Պետք է այս լսարան մտնել խոնարհվելով, ինչպես մտնում ես ցանկացած սրբատեղի:
Ֆակուլտետի ևս մեկ ուսանող՝ Վաչագան Մանուկյանը, մագիստրոս էր, ընդամենը մի քանի օրից պետք է ավարտեր համալսարանը: Վերջին պատերազմի մասնակիցը կամավոր էր ռազմաճակատ մեկնել, զոհվել թեժ մարտերում:
Աշոտ Խաչատրյանը չհասցրեց ֆակուլտետում որևէ դասի ներկա լինել, ընդունվելուց հետո, անմիջապես, մեկնել էր ծառայության: Աշոտը մասնակցել է նաև Տավուշի հուլիսյան մարտերին, 44-օրյա պատերազմի օրերին զոհվել Մատաղիսում:
Անժելա Սարգսյան, Աշոտ Խաչատրյանի մայրը - Վերջին անգամ, երբ խոսեցինք, խնդրեցի, որ ամեն գնով ողջ վերադառնա, ասաց՝ մամ, իմ առջև երկու գիծ կանգնած են մեր տղաները, ես ամեն գնով պետք է իրանց պահեմ:
Նորայր Մարությանը զոհվել է 1993-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Ազատամարտիկների անվան լսարանը լրագրություն սովորող ուսանողներին այսուհետև կհիշեցնի՝ անկախ մասնագիտությունից՝ բոլորն էլ հայրենիքի զինվոր են: