Խորհրդարանն առավոտյան 85 կողմ ձայնով ու առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին համաներում շնորհելու նախագիծը։ Դրանից հետո փաթեթն անմիջապես մտավ գլխադասային հանձնաժողով ու արդեն օրվա երկրորդ կեսին քննարկվեց երկրորդ ընթերցմամբ։ Երեկվա դրությամբ օրենքի շահառուները 5433-ն են՝ վերջին տվյալները զեկուցեց արդարադատության փոխնախարարը, բացատրեց՝ համաներում կշնորհվի օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահին 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերում ընդգրկված քաղաքացիներին, որոնք երկրում չեն՝ հետախուզման մեջ են։
Արմեն Հովհաննիսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Բացառություններ, սակայն, կլինեն՝ օրենքը չի տարածվի 44-օրյա պատերազմի ընթացքում զորահավաքից խուսափածների նկատմամբ։ Ի դեպ, հնարավոր 5433 շահառուների գերակշիռ մասի՝ 5122-ի 27 տարի արդեն լրացել էր սեպտեմբերի 26-ի դրությամբ։ Խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ էլ՝ օրենքը հնարավորություն է տալիս արական սեռի մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք, իրենց նպաստը բերել հետպատերազմյան Հայաստանի զարգացման գործում։ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց՝ չուշացնել, ընդունումից հետո 7-ամսյա ժամկետում պատրաստել փաստաթղթերը, դիմել համաներում ստանալու համար։
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մեկ այլ նախագծով էլ կառավարությունն առաջարկում է փոխել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքը։ Գլխավոր դրամատան փոխնախագահի խոսքով՝ սա միջազգային չափանիշներին համապատասխանելուն ուղղված քայլ է։ 5 տարին մեկ երկրներն այս ոլորտում գնահատում են միմյանց վարկանիշը, ու տարեվերջին սպասվող հերթական գնահատման սանդղակում, ըստ Ներսես Երիցյանի, հնարավորություն կա, որ Հայաստանը բարելավի դիրքերը։
Առաջարկվող տարբերակում փողերի լվացման ռիսկերի տեսանկյունից ընդլայնվելու է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, նրանց ֆինանսական շրջանառության նկատմամբ առավել ուշադիր են լինելու։
Ներսես Երիցյանը վստահեցրեց՝ բանկերը պատրաստ են սպասվող փոփոխությանը, ծրագրային խնդիր չի առաջանա։ Նիստն ընդմիջվեց։ Վաղն արդեն օրենսդիրը կլսի Մարդու իրավունքների պաշտպանի ու գլխավոր դատախազի տարեկան զեկույցները։