Երևանի քաղաքապետարանի առաջ այսօր բողոքի ակցիա են անցկացրել 22-րդ մանկապարտեզի երեխաների ծնողները:
Նրանք դժգոհել են, որ իրենց և հարևան նախակրթարանում երկուշաբթիից միաժամանակ կապիտալ շինարարություն է սկսվում: 18 ամիս ո՞ւր տանեն փոքրիկներին, ոչ բոլորը կարող են դայակ վարձել:
Երևանի հանրակրթության պատասխանատուն ակցիայի մասնակիցներին վստահեցրել է, որ փորձում են այլընտրանքային լուծում գտնել և նորոգման ընթացքում երեխաներին տեղավորել Արաբկիրի մյուս մանկապարտեզներում: Միայն թե՝ սպասում են առողջապահության նախարարությունը թույլատրի, որ Քովիդի այս փուլում կարողանան մեկ խմբում 20-ից ավելի երեխա ընդունել:
Միայն «Ծիծեռնակ» նախակրթարանը 160 փոքրիկ ունի:
Կարեն Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար) - էս պահի դրությամբ փորձում ենք նույն վարչական շրջանում հարցը լուծել, բայց քանի որ երեխաների թվի սահմանափակում կա կորոնայի պատճառով՝ չենք կարող անել: