Համացանցից օգտվող երեխաների տարիքային շեմը նվազել է, վտանգը նույնն է: «Մեդիագրագիտությունը՝ նախադպրոցական կրթության մեջ» հետազոտության հեղինակները կարծում են՝ համավարակի ընթացքում նախադպրոցականները սկսել են շատ օգտվել համացանցից: Մասնագետները առաջարկում են մեդիագրագիտություն դասավանդել նախ ծնողներին, մանկավարժներին, մշակել ուղեցույցներ: Կրթության գերատեսչությունից նշում են՝ մեդիագրագիտությունը ներառված է նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներում, որը շուտով կներդրվի:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Կարծում եմ, որ այն փուլում, երբ նախադպրոցական կրթության չափորոշիչը արդեն կարողանանք գործածել, պատրաստակամ ենք ընթացքում լսել բոլոր կարծիքներն ու բարելավել դա՝ ի շահ մեր երեխաների:
Լուսինե Գրիգորյան (հետազոտության հեղինակ) - Հայ ծնողները, ի տարբերություն եվրոպական շատ երկրների ծնողների, շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ: Սեղանի խաղեր են խաղում, բակային խաղեր, բայց ավելի անհոգ են անձնական տվյալների տարածման առումով: