Հորդանանի արքայազն Համզա իբն Հուսեյնը` Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի խորթ եղբայրը, օտարերկրյա մի քանի պետության հետ պատրաստվել է հեղաշրջում իրականացնել երկրում, լրագրողներին ասել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին:
Ըստ դիվանագետի՝ հեղաշրջման կազմակերպման գործով ձերբակալվել է 20 անձ, այդ թվում՝ թագավորական ընտանիքի ևս մեկ անդամ, թագավոր Աբդուլլահի նախկին խորհրդականը, բարձրաստիճան պաշտոնյաներ: Միաժամանակ չի նշվել, թե որ պետություններն են դավադրության մեջ արքայազնի հետ, հայտնում է BBC-ն:
Նախկին թագաժառանգ արքայազն Համզա իբն Հուսեյնը տնային կալանքի տակ է: Նա իշխանություններին, այդ թվում՝ թագավոր Աբդուլլահ Երկրորդին, մեղադրել է կոռուպցիայի և անիրազեկության համար:
Տարածաշրջանային մյուս տերությունները՝ Եգիպտոսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիան և Ռուսաստանն իրենց աջակցությունն են հայտնել թագավոր Աբդուլլահին:
ԱՄՆ-ը, որը Հորդանանի հետ դաշնակից է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, թագավորին բնութագրել է որպես հիմնական գործընկեր, որը կարող է ստանալ Վաշինգտոնի լիակատար աջակցությունը: