Մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը:
Դատավոր Աննա Դանիբեկյանն անդրադարձավ նախորդ երկու դատական նիստերի ընթացքում պաշտպանների և դատախազների վարքագծին, ինչն ըստ նրա` հանգեցրել է վերջին երկու դատական նիստերի շարունակության անհնարինության: Դատավորը նշեց, որ մարտի 23-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանը, առանց թույլտվության, մինչև դատական նիստի ավարտը լքել էին դատարանի դահլիճը, իսկ մարտի 30-ի դատական նիստին մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը չէին ներկայացել:
Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ մարտի 23-ի դատական նիստում դատավորի դրսևորած վարքագիծը ընկալելի չի եղել, մասնավորապես՝ դատարանը թույլ չի պաշտպաններին հայտարարություններ անել, չի հրապարակել պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, այդ թվում՝ բացարկի միջնորդությունը: «Դատարանը փորձում էր ամեն ինչ անտեսելով՝ սկսել դատաքննության փուլը: Եվ մեզ այլ ելք չէր մնում, քան դիմել այդ գործողությանը՝ լքել նիստերի դահլիճը»,- նշեց պաշտպանը:
Պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ մինչև իրենցից պարզաբանումներ պահանջելը դատարանը պետք է իր կողմից բացառի դատական նիստում կարգի խախտումները: Նա պարզաբանեց, որ դատավորը նիստի մեկնարկին չի ներկայացրել, թե ինչ քրեական գործ է քննվում: «Դուք չեք կարող ասել, որ այս անձինք մեղադրվում են ՔՕ 300.1-րդ հոդվածով, քանի որ դա ծիծաղելի կլինի»,- նշեց Ալումյանը:
«1 տարի 7 ամսվա ընթացքում այլ կե՞րպ է հայտարարվել»,- ընդմիջեց Դանիբեկյանը:
«Դուք այսօր էլ պետք է հայտարարեիք: Խնդրում և պահանջում եմ հայտարարել՝ ինչ քրեական գործ է այստեղ քննվում»,- ասաց Ալումյանը:
Դատարանը, սակայն, թույլ չտվեց շարունակել՝ նշելով, որ պաշտպանը դուրս է գալիս կոռեկտության սահմաններից:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիմնականում կրկնեց գործընկերոջ արտահայտած դիրքորոշումը՝ լքել են նիստերի դահլիճը, քանի որ դատավորը չի լսել պաշտպանական կողմի տեսակետները և միանգամից անցել է դատաքննության փուլին, թույլ չի տվել նաև ներկայացնել միջնորդություններ: «Մենք այլլևս անելիք չունեինք այդ դատական նիստին, քանի որ դա այլևս դատավարություն չէր: Մենք դա կատարել ենք մեր վստահորդների շահերից ելնելով, որպեսզի նրանց նկատմամբ ապօրինի պրոցես չիրականացվի»,- նշեց նա:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նշեց, որ մարտի 30-ի նիստին չներկայանալու պատճառների մասին գրավոր հայտնել են, դա առնչվում էր գործով համապատասխան միջնորդություն ներկայացնելուն, ինչի համար ողջամիտ ժամկետ էր պահանջվում:
Խոսելով պաշտպանների՝ դատական նիստերի դահլիճը լքելու հանգամանքին՝ Պետրոսյանն ասաց, որ այդ արարքն անթույլատրելի է, փաստաբանը խախտել է ՔՕ պահանջները և ենթակա է կարգապահական պատասխանատվության:
Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ զարմացած է, որ իրենց ներկայացրած դիմումից հետո քննարկվում է դատախազների չներկայանալու հարցը, սակայն տվեց պարզաբանում: «Երկուշաբթի երեկոյան հրապարակվել է ՍԴ որոշումը, որն իրավական նշանակություն ունի սույն գործով: Այդ որոշումից հետո դատարանը պետք է կիրառի նորմ: Մենք գտել ենք, որ դատարանին այդ մասով միջնորդություն պետք է ներկայացնել, սակայն այն հնարավոր չէր անել հենց հաջորդ օրը»,- հստակեցրեց դատախազը:
Դատարանն արձանագրեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր է պատշաճ ներկայանալ նիստերին մինչև նիստի ավարտը կամ ընդմիջում հայտարարելը, պաշտպանների չհամաձայնությունը դատարանի գործողությունների հետ չի կարող հիմք հանդիսանալ լքելու դահլիճը: Դատարանն արձանագրեց նաև, որ մեղադրողների՝ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը չի կարող ազատել նրանց նիստերին ներկա լինելու պարտավորությունից: «Թեև դատարանը ողջամիտ է համարում, որ ՍԴ-ի որոշումից հետո դատախազներին ժամանակ էր պետք մեղադրանքների համապատասխան մասի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, բայց չներկայանալու հիմք չէր կարող հանդիսանալ: Դատարանը կարող էր ժամանակ տրամադրել դիրքորոշման արտահայտման համար»,- ասաց Դանիբեկլյանը:
Դատարանը որոշեց ոչ իրավաչափ համարել պաշտպանների և դատախազների վարքագիծը, հետևաբար նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն: