32 մարդ է զոհվել, 66-ը՝ վիրավորվել այսօր Եգիպտոսի երկու գնացքների բախման հետևանքով՝ հայտնել է Reuters-ը:
Եգիպտոսի երկաթուղային վարչությունը տեղեկացրել է, որ երկու գնացքները բախվել են, երբ «անհայտ անձինք» գործարկել են արտակարգ վիճակի արգելակները Սոհագ քաղաքի մոտակայքում՝ Կահիրեից մոտ 365 կմ հարավ:
Արգելակման պատճառով գնացքներից մեկը կանգնել է, մյուսը ետևից բախվել է առաջինին, բախումից երեք վագոն դուրս է ընկել գծերից: Բարեբախտաբար, գնացքները շարժվել են ոչ մեծ արագությամբ:
Եգիպտոսում գործում է տարածաշրջանի ամենահին և ամենամեծ երկաթուղային ցանցերից մեկը, որի վիճակը վաղուց լուրջ անհանգստության առիթ է դարձել: Երկրում պարբերաբար տեղի են ունենում վթարներ և անսարքություններ: Միայն 2017-ին արձանագրվել է 1,657 երկաթուղային վթար: