Լսողության կորստի, խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ հարցերը բարձրաձայնելու նպատակով ամբողջ աշխարհում նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:
Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ը պայմանավորված են կանխարգելելի պատճառներով, օրինակ`
1. Վարակներ` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի խրոնիկ օտիտ (31%).
2. Պտղի ասֆիքսիա ծնվելիս, անհասություն, ծնվելիս ցածր քաշ, դեղնուկ, ծննդաբերական բարություններ (17%).
3. Օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%).
4. Այլ (8%):
Իսկ, որոնք են կանխարգելիչ միջոցառումներն ըստ ԱՀԿ-ի`
-
երեխաների պատվաստում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի հանդեպ.
-
դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների ու կանանց պատվաստում կարմրախտի հանդեպ մինչև հղիությունը.
-
ականջի խնամքի պահպանում.
-
բարձր աղմուկի ազդեզության նվազեցում.
-
միջին ականջի օտիտի սկրինինգ և համապատասխան վարում.
-
լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառում կամ սահմանափակում.
-
նորածնային սկրինինգ.
-
դեռահասային տարիքի երեխաների շրջանում իրազեկման բարձրացում:
Վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:
Նորածինների լսողության սկրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: 2020 թվականին իրականացվել է 29359 հետազոտություն, հայտնաբերվել է ծանրալսությամբ 31 երեխա, որոնք վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:
2020 թվականի ընթացքում կոխլեար իմպլանտացիա կատարվել է 1-ից 4.5 տարեկան 13 երեխայի, որից 6-ի վիրահատության արժեքը փոխհատուցվել է պետական պատվերի շրջանակում:
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ գտնվել է լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1138 երեխա: