Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցառումների մասին գիտելիքների տարածման և քարոզչության օր:
Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության ՔՊ շտաբի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներ և անցկացրել «Դպրոցի անձնակազմի գործողություններն արտակարգ իրավիճակում», «Առանց խուճապի դպրոցից տարհանվելու և ապաստարաններում պատսպարվելու մասին» իրազեկման դասընթաց։
Միջոցառման նպատակն է կատարելագործել աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ:
Աշակերտները նաև հետաքրքրվել են հետպատերազմյան շրջանում Արցախի փրկարարների կողմից կատարվող աշխատանքների, մասնավորապես զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման մասին։
Մեխակ Արզումանյանը N7 դպրոցին է փոխանցել նաև ՔՊ ոլորտին առնչվող աղետների ռիսկերի նվազեցման մասին մասնագիտական գրքեր ու բրոշուրներ։