Ինչո՞ւ դատախազությունը տեղյակ չէր, որ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին դատարանը թույլ է տվել փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից։ Դատական այսօրվա նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս է դատարանը նման որոշում ընդունել:
Դատավոր Աննա Դանիբեկյանը խոստացավ՝ կտրամադրվեն հիմնավորում-փաստաթղթերը, որոշումը՝ անհրաժեշտության դեպքում՝ վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար:
Դատական օրակարգում Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություններն էին, միացան Քոչարյանի, Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի պաշտպանները։ 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Արմեն Գևորգյանի փաստաբանը նշեց, թե դատավորի գործողությունները կաշկանդում են դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը: Մեղադրյալ Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց, թե այս դատավարությունը հասարակությունը սևի ու սպիտակի բաժանելու համար էր: Դանիբեկյանը թույլ չտվեց խոսել քննարկվող թեմայից դուրս: Եվ Գևորգյանին զրկեց ձայնի իրավունքից:
5 րոպե ընդմիջումից հետո պաշտպանական թիմը դժգոհեց, թե դատավորը սահմանափակում է խոսքի ազատությունը և պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանեց, որ այս քրգործը պարզապես չի կարող քաղաքական չլինել, քանի որ ուղղակիորեն կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ:
Ռոբերտ Քոչարյան, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ - Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է՝ ընդհանրապես այս գործը չլսել, ես ուղղակի խնդրում եմ ձեզ՝ հաշվի առեք այս հանգամանքը։ Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի:
Ռոբերտ Քոչարյանին միացան նաև Մարտի մեկի դեպքերի ժամանակ ԶՈւ գլխավոր շտաբի պետ աշխատած Սեյրան Օհանյանն ու այդ տարիների Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը:
Սեյրան Օհանյան, Մարտի մեկի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին ՊՆ - Քաղաքական հետապնդում կա, բանակի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք կա: Այս պարագայում ո՞վ է ասել, որ եթե դատավարությունն ավարտվի, մենք չենք պնդելու, որ սա քաղաքական հետապնդում է:
Յուրի Խաչատուրով, Մարտի մեկի գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար - Ես ձեզ մի խորհուրդ եմ ուզում տալ. երբ հեռանաք խորհդակցական սենյակ, հանեք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ ու հիշեք Արմեն Գևորգյանի փաստաբանի խոսքերը, որ պետք է հեռանաք ու ենթարկվեք քրեական պատասխանատվության: Ես ձեզ խոստանում եմ, որ նման դեպքում ես կխնդրեմ իմ փաստաբանին ձեզ պաշտպանել: Դուք գեղեցիկ, երիտասարդ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին:
Նման կոչից հետո դատախազները միջամտեցին, որ պաշտպանական թիմն իրավունք է չարաշահում ու պնդեցին՝ Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը թողնել առանց քննության։
18 ամիս 45 անբովանդակ դատական նիստ և արդեն 6 անգամ դատարանի ինքնաբացարկի քննարկում. հիշեցրին դատախազները: Այս ամենի նպատակը միայն դատավարությունը փակուղի մտցնելն է՝ կարծում է մեղադրող կողմը: Իսկ Մարտի մեկի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատարանի ինքնաբացարկի միջնորդության մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին: