«Մարտի 1»-ի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը հակադարձեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու միջնորդությանը:
«Դժվար է արտահայտվել միջնորդության մասին, որի կապը «բացարկ» քրեադատավարական ինստիտուտի հետ դժվար է գտնել»,- ասաց նա: Ըստ դատախազի՝ պաշտպանական կողմն այսօրվա դատական նիստը միջնորդություններով ծանրաբեռնելով լուծեց երկու հարց՝ «արդարադատություն իրականացնող մարմինն օգտագործելով այլ տպավորություններ գործելու, և երկրորդ՝ զուտ այս դատական նիստը ծանրաբեռնելու ուղղությամբ»:
Ըստ դատախազի, «վառ և բազմերանգ» երևակայություն է պետք ունենալ՝ կապ գտնելու «Մարտի 1»-ի գործով դատավարության և Արցախյան վերջին պատերազմի միջև: «Ցավով պետք է արձանագրեմ՝ մեղմ ասած բարոյական չէ մեր անմահ հերոսների զոհվելու հանգամանքն անհարկի շահարկելը, կապ գտնելը քրեական գործի և դատավարության հետ»,- նշեց դատախազը՝ առարկելով միջնորդությանը, որակելով այն չափազանց անհիմն:
Նշենք, որ պաշտպաններից Արամ Վարդևանյանը միջնորդության մասին խոսելիս նշել էր, թե Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 8-ին, ունեցել են դատական նիստ, և Արցախի առաջին նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցն է քննվել: Նա մեջբերեց դատախազի հայտարարությունը, թե Քոչարյանին Շուշին ազատագրելու համար չեն դատում, ապա հարցրեց. «Շուշին հանձնելու համար ի՞նչ գործողություններ են կատարվում»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի հունվարի 22-ին: