Կրթականից մինչև բիզնես ու այլ ոլորտներ. ամփոփելով 2020-ը՝ Ucom ընկերության տնօրենը վստահեցնում է, որ չնայած համավարակի, պատերազմի ու ընկերության 500 աշխատակցից ազատման դիմում ստանալու դժվարություններին, սոցիալական պատասխանատվությունից տարվա ընթացքում ընկերությունը չի խուսափել:
Արա Խաչատրյան, Ucom ընկերության գլխավոր տնօրեն - Ավելի քան 30 ծրագիր ենք իրականացրել: Չեմ ուզում նշել պաշտպանության ոլորտի նախագծերը՝ գաղտնիությունից ելնելով, բայց կթվարկեմ կրթության ոլորտում տեղի ունեցած մի շարք փոփոխություններ: Համագործակցել ենք «Սոս մանկական գյուղեր», Save the children, Teach for Armenia-ի հետ, բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել:
Տրամադրվել է կապ և ստեղծվել հնարավորություն, որ նշված ծրագրերին կարողանային մասնակցել նաև սահմանամերձ համայնքների աշակերտները: 2021 թվականն ընկերությունը նախատեսում է խնդիրների հաղթահարումից դարձնել զարգացման տարի:
Արա Խաչատրյան - Շարժական կապի ոլորտում անելու ենք հետևյալը. մեր բաժանորդները, սկսած 2021 թվականի վերջից, էապես փոփոխություն են զգալու իրանց ստացած արագությունների և որակի մեջ:
Մեկնարկելու է շարժական կապի ամբողջական արդիականացման ծրագիր:
Արա Խաչատրյան - Արդեն 2022-ին նախատեսում ենք ունենալ 5G ռեդի ցանց: Երբ որ հնարավոր ենթակառուցվածք կլինի նաև պետության կողմից, ընկերությունը պատրաստ կլինի դրան: Լինելու է ավելի արագ, ավելի կայուն կապ մեր բաժանորդների համար:
Ընկերությունը խոստանում է ամիսների ընթացքում բարելավել նաև ֆիքսված կապի որակը: Ավանդական ուղղվածության ծառայություններից բացի, ասում են, կլինեն նաև այլ ծառայություններ:
Արա Խաչատրյան - Այս պահին չեմ ցանկանում փակագծեր բացել, բայց շատ շուտով կիմանաք, թե ինչի մասին է խոսքը:
Եվ տարեվերջին ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն գործընկերներին, որ անտեսելով նույնիսկ մրցակցության հանգամանքը, սատարեցին, օգնեցին իրենց այն դժվար պահին, երբ ընկերության մեկ երրորդն աշխատանքից ազատման դիմում էր գրել և փաստի առաջ թողել: