Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակիչներն այսօր բողոքի ցույց էին հրավիրել համայնքապետարանի դիմաց այն բանից հետո, երբ մամուլից ու սոցիալական ցանցերից իմացել էին, որ Բենիամին համայնքը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերին։ Ըստ նրանց՝ անպատասխանատու հայտարարություն է արել համայնքի ղեկավարը, որին իրենք տեղյակ չեն։
Համայնքի բնակիչները պնդում էին, որ գյուղապետը հետ կանչի փաստաթուղթը, որով Փաշինյանի հրաժարականն է պահանջում և դուրս գա ու հայտարարի, որ, ոչ թե Բենիամինը, այլ հենց ինքն է հրաժարական պահանջողը։
Ամենաճիշտ ճանապարհն արտահերթ ընտրություններն են, բայց ներքաղաքական կրքերը հանդարտվելուց հետո, ասում են։
Գյուղապետն ինչու է նման հայտարարություն արել, չգիտեն, կասկածներ ունեն, որ գործել է ճնշումների տակ։ Գյուղապետին ո՛չ կուսակցությունն է ճնշել, ո՛չ էլ համայնքը կարող է ճնշել՝ ասում է Բենիամին համայնքի ղեկավարը։ Ինքը չի չարաշահել դիրքը, համայնքի անունից էլ հայտարարություն չի արել, այլ՝ սեփական անձի անունից։
Արտակ Անտոնյանը պնդում է՝ ֆեյսբուքյան ֆեյքերն ու որոշ լրատվականներ կեղծ ինֆորմացիա են տարածել ու խառնել գյուղն իրար։ Փաստաթուղթ եղել է, բայց ոչ թե համայնքի, այլ համայնքապետարանի կողմից՝ իր գլխավորությամբ։ Հիմա էլ հետ չի կանգնում իր հայտարարությունից:
Անտոնյանի հայտարարությունը նոր կրքեր բորբոքեց Բենիամինում, սկսվեց վիճաբանություն։ Եթե ինչ-որ մեկը պիտի հրաժարական գրի, դա պետք է լինի Բենիամինի ղեկավարը: Ոմանք հայտարարեցին, որ գյուղապետը լեգիտիմ չէ, անգամ փակագծեր բացվեցին՝ պնդելով, թե գյուղում նրան փողով են ընտրել՝ 20 հազար դրամով:
Արտակ Անտոնյանն ասում է, որ աթոռից կառչած չէ, եթե համայնքը պահանջի, ինքն իսկապես պատրաստ է հեռանալ։
Գյուղապետի հասցեին արդեն ավելի կոնկրետ մեղադրանքներ հնչեցին, նա 8 տարի թալանել է գյուղը, պետք է պատասխան տա թալանի համար։
Սամվել Մկրտչյանը, ով, ի դեպ, համայնքի նախկին ղեկավարներից մեկն էր, խոստացավ ապօրինությունների ու թալանի մասին փաստաթղթավորված ամբողջ տեղեկությունները փաթեթով հանձնել իրավապահներին։
Նշենք, որ Բենիամին համայնքի ղեկավարը Հանրապետական կուսակցության անդամ է: