Դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման անցնելու մասին լուրը չի նշանակում դպրոցների տոտալ վերաբացում. արձագանքելով բազմաթիվ ծնողների մտահոգություններին՝ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ծնողներն անհանգստանում են, թե արդյոք հիմա՞ է այն հարմար պահը, երբ պետք էր հեռավարից առկա ուսուցման վերադառնալ. երկրում կատարվող թեստերի 30-40 տոկոսի պատասխանը դրական է: Իսկ եթե դասարանում վարակված կամ կոնտակտավո՞ր լինի:
Խոսքը չի գնում տոտալ առկա ուսուցում իրականացնելու մասին: Խոսքը էդ հնարավորությունը ստեղծելու մասին է, որովհետև եթե որևէ ուսումնական հաստատությունում գրանցվում են դեպքեր, ապա ԱՆ հրամանով արդեն իսկ սահմանված է՝ ինչպես վարվել:
Եթե դասարանում նույնիսկ մեկ վարակված կամ կոնտակտավոր լինի, դասարանը 14 օրով պետք է անցնի հեռավար ուսուցման՝ պարզաբանում է Անդրեասյանը: Հեռավարի է պարտավոր անցնել նաև ամբողջ դպրոցը, եթե ուսումնական հաստատության աշակերտների 10 տոկոսը վարակված կամ կոնտակտավոր լինի: Եվ առհասարակ, առկա ուսուցման անցնելու մասին որոշումը ոչ թե պարտադրանք, այլ հնարավորություն է՝ բացատրում է փոխնախարարը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Մենք ուղղակի թույլ ենք տալիս իրավիճակային մոտեցում կիրառել, և եթե որևէ հաստատություն կարող է գործել առկա՝ չզրկել նրան այդ հնարավորությունից: Առաջնահերթը առողջապահական իրավիճակն է, և եթե այդ իրավիճակը դպրոցում կլինի վատը՝ դպրոցը ժամանակավորապես կգործի հեռավար:
Մասնագետների կանխատեսումները վկայում են, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կարող է տարիներ տևել՝ ասում է փոխնախարարը: Եվ միայն կրթական համակարգի լոքդաունը, ըստ նրա՝ առողջապահական տեսանկյունից արդյունավետ լինել չի կարող, եթե նույն աշակերտը խնջույքների մասնակցելու, կինոթատրոն և սրճարան հաճախելու խոչընդոտ չունի, և եթե օգտվում է հասարակական տրանսպորտից:
Ժաննա Անդրեասյան - Երբ որ մենք այլ ոլորտներում չենք տեսնում գործունեության սահմանափակումներ, և սահմանափակումները վերաբերում են միայն կրթական ոլորտին, էստեղ դա կարող է նաև ոչ ճիշտ ընկալում առաջացնել, որ այս բոլոր, տարբեր տեսակի գործունեությունների մեջ ամենաքիչ կարևորը կրթական հաստատությունների գործունեությունն է:
Առկա ուսուցումը կվերսկսվի առողջապահության նախարարի հրամանով հաստատված պահանջներով: Դրանցից մեկը, օրինակ՝ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանի դեպքում երկու խմբի բաժանվելն է: Նման դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն շաբաթական երեք օր: Կգործի 6-օրյա գրաֆիկ: Սահմանված են նաև օդափոխության, դիմակ կրելու, ախտահանման և այլ հակահամաճարակային միջոցառումների հետ կապված կանոններ: