Նոյեմբերի 17-ին Россия 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ռուսական խաղաղապահների առաքելությանը Թուրքիայի մասնակցության մասին։
«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան բարձրաձայնել են խաղաղապահների առաքելությանը Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը։ Սակայն, կարծում եմ, ինձ հաջողվեց «համոզել» ադրբեջանական և թուրքական կողմերին, որ պետք չէ ստեղծել այնպիսի նախապայմաններ, որոնք կարող են խաթարել մեր պայմանավորվածությունները, կամ այնպիսի պայմաններ, որոնք կհրահրեն կողմերից որևէ մեկին՝ դիմելու ծայրահեղ քայլերի։ Նկատի ունեմ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Խոսքը Ցեղասպանության մասին է: Դա փաստ է, որը կարելի է ընդունել կամ չընդունել»։
Վլադիմիր Պուտինը նշեց, որ կան երկրներ, որ ընդունել են հայերի ցեղասպանության փաստը, կան երկրներ, որ չեն ընդունել։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը վաղուց է ընդունել այդ իրողությունը։
«Սակայն ի՞նչ կարիք կա լարվածություն ստեղծել հայկական կողմի համար սահմանին թուրք զինվորականների առկայությամբ։
Մենք Էրդողանի հետ պայմանավորվեցինք, որ Թուրքիան, Ադրբեջանի խնդրանքով, կմասնակցի հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման գործընթացին։ Մենք դա Թուրքիայի հետ կանենք համատեղ։ Կստեղծենք համատեղ կենտրոն, կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր, որոնց օգնությամբ կվերահսկենք իրավիճակը, կվերլուծենք արդյունքում ստացված տվյալները»։
ՌԴ նախագահը նաև հավելեց, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում։