Պատերազմի ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններում և Երևանում ապաստան գտած 200 արցախցի երեխաները Կինոյի տան մեծ դահլիճում դիտում են «Ձյունանուշը» ֆիլմը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մանկական ու մուլտֆիլմերի ցուցադրությունների շարքը՝ հատուկ արցախցի փոքրիկների համար: Մինչև այս նախագիծը կինոմիությունում արդեն սկսվել էին Արցախին համակողմանի աջակցության աշխատանքները:
Ազգային կինոյի մանկական լավագույն ֆիլմերի ընտրանին երեխաներին կօգնի հաղթահարելու վերջին օրերի ծանր ապրումները: Ցուցադրություններին կհաջորդեն հանդիպումները ֆիլմերի հեղինակների, սիրված արտիստների ու ռեժիսորների հետ: «Ձյունանուշի» ռեժիսորը վստահ է՝ հիմա փոքրիկները հնարավորություն ունեն ընկալելու չարի ու բարու իրական բախումը;
Այս պահին ծրագրի նախաձեռնողները կրթության և գիտության նախարարության, սոցիալական ծառայությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ գործակցությամբ ճշտում են ապաստան գտած ընտանիքների ռեսուրսային բազաները Երևանի համայնքներում և մարզերում, որ ծրագրից որևէ երեխա կամ ընտանիք դուրս չմնա: Ասում են՝ չափազանց կարևոր է, որ այս ընթացքում կրթական ու մշակութային բաղադրիչը երեխաների կյանքից դուրս չմնա, մանավանդ որ նախկինում ծրագիրն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:
Իսկ Հարություն Խաչատրյանը փաստում է՝ կամավորական աշխատանքներին զուգահեռ պատրաստվում են նաև «Ոսկե ծիրանին», վստահ է՝ հաղթելու ենք, ու փառատոնի լավագույն ծրագիրը լինելու է հայկականը՝ հայրենիքի ու սրբազան պատերազմի մասին: