Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ է անցկացվել: Վիրահայերը նախ հավաքվել են ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ դիրքորոշման, գրում է Aliq.ge կայքը։
Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների և չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ են արել պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր:

Երթը լուսաբանել է նաև «Մթավարիի» նկարահանող խումբը: Կազմակերպիչները նրանց բոլոր հարցերը թողել են առանց մեկնաբանության: «Մթավարի արխին» Սաակաշվիլիի նախագահության օրոք իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «նորացված» տարբերակն է (Ստրասբուրգի դատարանի որոշմամբ ՀԸ-ը վերադարձվեց նախկին սեփականատիրոջը)։

Ըստ շրջանառվող լուրերի` հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական «Սոկար» գազամատակարար ընկերության կողմից, որը Վրաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է: «Սոկարյան» գումարներով ադրբեջանցիները հակահայկական ակտիվ քարոզչություն են տանում:

Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի: