Բելառուսի նախագահի տասնյակ հազարավոր հակառակորդներ կրկին փողոց են դուրս եկել, ինչպես օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ամեն կիրակի: Մարդիկ մեկ անգամ ևս փորձել են գնալ Անկախության պողոտա և քայլել դեպի Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր, սակայն ոստիկանության հատուկ նշանակության զորքերը փակել են նրանց ճանապարհը ուժեղացված հատուկ տեխնիկայով և ջրցան մեքենաներով՝ հայտնում է Interfax-ը:
Բելառուսում չգրանցված մարդու իրավունքների Весна կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրը հանրապետությունում անցկացված չարտոնված հանրահավաքներում եղել է 200-ից ավելի ձերբակալված: 154 մարդ բերման է ենթարկվել Մինսկում, 64-ը՝ մարզերում: Շատերն արդեն ազատ են արձակվել:
Իշխանությունն էլ իր հերթին է իր համակիրների հավաքներ կազմակերպում, թեև ոչ այնքան մարդաշատ: Անցած ուրբաթ Մինսկում տեղի ունեցավ «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումը, որը հավաքեց շուրջ 13 հազար մասնակցի: Ըստ tut.by առցանց հրատարակության՝ նրանց ավտոբուսներով մայրաքաղաք էին տեղափոխել երկրի բոլոր մարզերից: