Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը այցելել է Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Զորավան բնակավայրեր:
Բուժականում ընթացքում են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Շահած ծրագրի արժեքը շուրջ 271.899.000 դրամ է, որի 45 %-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Պատասխանատուների հետ քննարկելով շինաշխատանքների ծավալը՝ Ա.Ավետիսյանը հորդորել է մեկնարկած աշխատանքներն իրականացնել պատշաճ որակով և սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ խստագույնս պահպանելով նաև ժամկետները:
Ա. Ավետիսյանը այցելել է նաև Բուժականի միջնակարգ դպրոց: Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը 5 մլն դրամ է հատկացրել Բուժականի միջնակարգ դպրոցին՝ հաստատության միջանցքների չվերանորոգված հատվածներում վերանորոգելու նպատակով: Շինաշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները մի քանի օրից կմեկնարկեն:
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագյուղն էր, որտեղ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով: Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:
Ա. Ավետիսյանը եղել է նաև Արագյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով (3 մլն դրամ) մեկնարկելու են թվով 4 դասասենյակների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Շինաշխատանքների իրականացման նպատակով մրցույթը հայտարարված է, աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից: 138 աշակերտ ունեցող Արագյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն իրականացվել էին անցյալ տարի՝ համայնքի աջակցությամբ:
Զորավանում Կառավարության 2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով, հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը:
Շահած պայմանագրի արժեքը 54.490.800 դրամ է, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափը 50 % է: Ա Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք իրենց որակով նոր նշաձող կարող են սահմանել՝ օրինակ դառնալով նաև այլ համայնքների համար:
Իսկ մեկհարկանի մանկապարտեզի շենքը համայնքի միջոցներով (շուրջ 22 մլն դրամ) այս պահին վերանորոգվում է՝ փոխվում է տանիքը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որից հետո այն կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ Զորավանում: