Աֆղանստանում մահափորձ է կատարվել երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի դեմ՝ գրում է TRT World-ը:
Երկրի ղեկավարը աշխատանքի գնալիս է եղել, երբ փորձել են հարձակվել նրա վրա: Քաբուլում պաշտոնյայի ավտոշարասյան ճանապարհին ականապատ մեքենա է պայթել: Սալեհը չի տուժել, բայց նրա թիկնապահներից երեքը զոհվել են, 12 մարդ վիրավորվել է:
Մահափորձը կատարվել է Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» արմատական իսլամական շարժման ներկայացուցիչների միջև խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ, որը նախատեսված է անցկացնել Կատարում:
Դիտորդներն էլ նկատել են, որ մահափորձը կատարվել է մի քանի օր անց, երբ Սալեհը փորձել է Իսլամաբադի հետ բարձրացնել «Դյուրանդի սահմանագծի» հարցը: Աֆղանստանի և Պակիստանի սահմանի ավելի քան 2 հազար կիլոմետր երկարությամբ այդ հատվածը Քաբուլը չի ճանաչում որպես սահման: