Ստացվել են հակասական լուրեր Բելառուսի ընդդիմադիր երեք գործչի անհետացման վերաբերյալ: Բելառուսական պետական աղբյուրները հայտնել են, որ ընդդիմության համակարգող խորհրդի երեք անդամը՝ Կոլեսնիկովան, Կրավցովը և Ռոդնենկովը, սեպտեմբերի 8-ի գիշերը փորձել են լքել Բելառուսը, գրում է Interfax-ը:
Կրավցովին ու Ռոդնենկովին հաջողվել է հասնել Ուկրաինա, Կոլեսնիկովան կալանավորվել է: Կրավցովն ու Ռոդնենկովն էլ Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել են, որ Բելառուսից իրենց բռնի ուժով են դուրս բերել: Կոլեսնիկովան այդ փորձը կանխելու համար սահմանի մոտ պատռել է իր անձնագիրը:
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան սատարել է Կոլեսնիկովայի այդ արարքը:
Միացյալ Նահանգները գործընկերների և դաշնակիցների հետ քննարկում է Բելառուսում մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների մեջ ներգրավված բոլոր անձանց նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: