Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանում երկրի ժողովրդին կոչ է արել կենտրոնանալ բարեփոխումների ու Լիբանանի վերակառուցման վրա: Նա հույս է հայտնել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կձևավորվի նոր կառավարություն, որն ի վիճակի կլինի կատարել այդ խնդիրը: Հակառակ դեպքում, Մակրոնի խոսքով, Բեյրութի դեմ «պատժիչ գործողություններ» կձեռնարկվեն` ընդհուպ մինչև պատժամիջոցներ, հաղորդում է Euronews-ը:
Հինգերորդ հանրապետության ղեկավարը երկրորդ անգամ է այցելում Լիբանանի մայրաքաղաք օգոստոսի 4-ին նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո, որի արդյունքում զոհվեց 190 մարդ, և ավելի քան 300 հազարն էլ դարձավ անօթևան:
Մինչդեռ Լիբանանում բողոքի ցույցերը չեն դադարում: Հարյուրավոր մարդիկ են հավաքվել խորհրդարանի մոտ՝ դեմ արտահայտվելով վարչապետի պաշտոնում Մուստաֆա Ադիբի նշանակմանը: Ցուցարարները սկսել են քարեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, նրանք էլ արցունքաբեր գազ են կիրառել: