Քավության նոխազների և թշնամիների անընդհատ փնտրտուքի պատճառով Էրդողանն առանց ընկերների է մնացել տարածաշրջանում՝ գրել է Ռոջեր Բոյեսը The Times-ում հրատարակված հոդվածում:
Հոդվածագիրը ներկայացրել է «Մոսադի» ղեկավար Յոսի Քոհենի կարծիքը, որի համաձայն՝ Թուրքիան այսօր ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Իրանը: «Մոսադի» ղեկավարը, որը նպաստել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև գործարքի կնքմանը, տարիներ շարունակ Պարսից ծոցի երկրների իր գործընկերների հետ գաղտնի խոսակցությունների ժամանակ նշել է, որ իրենց ընդհանուր թշնամին Իրանն է: Սակայն ըստ տեղեկությունների՝ մոտ 20 ամիս առաջ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ էմիրությունների լրտեսական ցանցերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Քոհենն ասել է, որ «Իրանական հզորությունը փխրուն է: Իրական սպառնալիքը գալիս է հենց Թուրքիայից»:
Ըստ Քոհենի՝ «Իրանին կարելի է զսպել պատժամիջոցներով, էմբարգոներով, հետախուզության և գաղտնի տեղեկությունների փոխանակման միջոցով: Մինչդեռ Թուրքիայի հարկադրող դիվանագիտությունը, իր անփույթ հաշվարկված ռիսկերը ողջ Մերձավոր Արևելքում, մարտահրավեր են նետել արևելյան Միջերկրական ծովի ռազմավարական կայունությանը»: