ԱՄՆ նախագահի զարմուհու՝ Մերի Թրամփի նոր գիրքը զավեշտալի և անհեթեթ պնդումներ է պարունակում՝ լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄաքԷնանին:
«Դրանք ծիծաղելի և անհեթեթ պնդումներ են, որոնք բացարձակապես կապ չունեն ճշմարտության հետ: Մենք դեռ չենք տեսել գիրքը, որը լցված է կեղծիքներով»,- մեջբերում է Washington Post-ը:
Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ իրենց տրամադրության տակ ունենալով «Չափազանց շատ և երբեք ոչ բավարար. ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի պատճենները, որոնք պետք է թողարկվեին հուլիսի 10-ին, ներկայացրել են գրքի բովանդակությունը:
Մերի Թրամփը, որը կլինիկական հոգեբան է, Դոնալդ Թրամփին բնութագրում է որպես ինքնասիրահարված անձնավորություն, որի գործողությունները հաճախ անբացատրելի են: Նրա կարծիքով՝ մանկության տարիներին Թրամփի աշխարհայացքի ձևավորման վրա ազդել է այն փաստը, որ Թրամփը ձգտել է խուսափել հոր՝ Ֆրեդերիկ Թրամփի դժգոհությունից: Թրամփի հորը նա բնութագրում է որպես գերիշխող անձ, որը «ոչնչացրեց» Դոնալդ Թրամփին և ավերեց «մարդկային հույզերի մի ամբողջ շարք զարգացնելու և զգալու նրա կարողությունը»: