24 հազար հա տարածք, մոտ 1500 կենդանատեսակ ունեցող Խոսրովի անտառ պետական արգելոցն որքան անհասանելի ու գեղեցիկ է, այնքան էլ խոցելի: 4-րդ դարից արմատ գցած անտառն այսօր մարդկային անփութությունից ու բնական աղետներից մոխրանում է: 2017-ին անտառն իր պատմության ընթացքում ամենամասշտաբային հրդեհներից մեկը տեսավ: Մարդու ոտք չդիպած հատված հասնելն անտառի աշխատակիցներից ու հրշեջներից ժամեր էր պահանջում: 2017-ի հրդեհի դասերն արդեն քաղված են: Բարձունքներից շատերում ջուրն այսօր հասանելի է:
Ջուրն աղբյուրից ինքնահոս է գալիս, ջրի տարաներն ու խողովակներն էլ այնպես են տեղադրել, որ բնությանը վնաս չպատճառվի: Բարձունքներում այս պահին անտառի աշխատակազմը 40 տոննա ջուր ունի պաշարած: Հետագայում կրակի դեմ ավելի արագ ու արդյունավետ կպայքարեն: Կրակը հայտնաբերելու համար դրոններ են ձեռք բերել, 2017-ի 10-15 սրսկիչին ավելացել են ևս 30-ը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասնագետ Արամ Աղասյանի խոսքով` 2017-ին ամենից շատ՝ մոտ 1600 հա, խոտածածկ տարածք է այրվել, մոտ 200 հա գիհի, ևս մի քանի հարյուր հա այլ ծառեր ու թփեր:
Այս տարի ևս հրդեհ եղավ՝ 4.4 հա այրվեց կայծակի հարվածից: Բնական էլեկտրական հոսանքը գիհու ծառն էր իր վրա վերցրել: Այս անգամ ևս հիմնական վնասը խոտածածկ տարածքինն էր: Խոնավության շնորհիվ հրդեհը շուտ մարվեց, վնասն էլ համեմատաբար քիչ եղավ: Արամ Աղասյանի խոսքով` կորուստներ կլինեն, բայց բնությունը կշարունակի ապրել:
Մանրամասները` տեսանյութում: