Երաշխավորների հետ տասնամյակների հարաբերություներ են ձևավորված, որոնք պահպանվել են մինչև այս պահը, և խորը հարգանք ունեմ նրանց հանդեպ: Այդ մասին հայտարարեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Նիկողոսյանի հարցին՝ Վերաքննիչ դատարանում ընթացող իր խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների բողոքի քննության ժամանակ:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:
«Ընդհանրապես, նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանր բեռ է կյանքիդ համար, քանի որ մշտապես գտնվում ես հանրության ուշադրության կենտրոնում, նրանց խոշորացույցի տակ: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ, և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա: Ես խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել: Ինձ համար տհաճ է, որ ես պետք է այդ հանգամանքի կարևորությունը բացատրեմ: Փախնող մարդ լինեի՝ նման կենսագրություն երբեք չէի ունենա»,- ասաց Քոչարյանը: