Ազգային ժողովում քննարկվում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Արթուր Դավթյանին հարց ուղղեց, թե արդյոք այս ամբողջ ընթացքում և այս գործի խուզարկությունների շրջանակում միայն 2017 թվականին առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութե՞ր են գտել:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր, այլ քրեական գործերը, վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ:
Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե միայն այդ քաղաքական ուժի ընտրակաշառքի մասո՞վ են փաստերի տիրապետում:
Դավթյանը շեշտեց, որ իր միջնորդությունում ընդգծեց, որ բացարձակ ընտրակաշառքին չառնչվող քրեական գործի ընթացքում պաշտոնեական հանցագործության գործող քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով նրա հանցակցի ընկերությունում կատարվել է խուզարկություն: Ասաց՝ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը, որոնց մասին բարձրաձայնել է:
Թանդիլյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների Ֆեյսբուքի էջերում, Դավթյանը պատասխանեց.
«Նախաքննության գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը հետևյալն է, որ վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ի՞նչ ծավալով տեղեկություն հրապարակի՝ գնահատելով ռիսկերը՝ նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության առումով: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթ իրականացնող մարմնի իրավունքն է, լիազորությունը՝ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու իր պատասխանատվությամբ»,- ասաց Ա. Դավթյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ ի՞նչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տրամադրել, այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է: