Խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց 2019-ի տարեկան հաղորդումը:
Նա նշեց, որ ըստ միջազգային կառույցների եզրակացությունների, հայաստանյան մեդիափորձագետների գնահատականների, հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ Հայաստանի գործող իշխանությունները պահում են լրատվամիջոցների գործերին չխառնվելու սկզբունքը: «Մեր հարցումներին ի պատասխան՝ բոլոր հեռուստաընկերությունները, բացի մեկից, պատասխանել են, որ պետության կողմից որևէ միջամտություն չի եղել: Այդ մեկ հեռուստաընկերության անունը չեմ տալիս, քանի որ նրանք չեն տվել այդ պաշտոնյայի անունը, բայց մենք գիտենք՝ ով է, և նա այլևս չի աշխատում, և ես նրա անունը էթիկայի կանոններից ելնելով՝ չեմ տալիս»,- պարզաբանեց Տ.Հակոբյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանում խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախության մակարդակը բավարար է: «Իշխանության չմիջամտելը հեռարձակողների աշխատանքին դեռ չի նշանակում, որ նրանք ազատ կամ անկախ են: Այս ոլորտում կան այլ խաղացողներ, որոնք թույլ չեն տալիս լրատվամիջոցներին անկախ լինել: Խոսքը լրատվամիջոցների բաժնետերերի, սեփականատերերի մասին է: որոնք ներազդում են տեղեկատվության քաղաքականության վրա, իրականացնում են ստվերային ֆինանսավորում, միջամտում կադրային քաղաքականությանը՝ կողմնորոշելով նրանց գործունեությունը»,- ասաց ՀՌՀ նախագահը: