Կառավարությունն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծն է: Նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց, որ նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման պայմաններն անհրաժեշտություն են առաջացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել:
«Դրանց մի մասն ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն են, որոնց խախտման համար գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխանատվություն: Սակայն գործող ազատ տեղաշարժման սահմանափակումների համար այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացման համար: Հրատապ է համաչափ պատասխանատվության միջոցի սահմանումը, որն արդյունավետ կդարձնի առկա սահմանփակումները»,- ասաց փոխնախարարը:
Առաջարկեցին նաև, որ օրակարգային հարցի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել 3-ական ժամ: