Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կասեցրեց խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: ԲԴԽ որոշեց դիմել սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի դրույթներից մեկի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:
Հ.Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ 3 անդամ, որոնք ԲԴԽ մյուս անդամների հետ պետք է քննեին այն: Այս դեպքում իրավական խնդիր է առաջանում՝ արդյոք դիմումատուները կարող են քննել ու որոշում կայացնել իրենց իսկ դիմումի վերաբերյալ:
Այս իրավական հարցը պարզելու նպատակով էլ, փաստորեն, ԲԴԽ որոշել է դիմել ՍԴ:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության առիթ է հանդիսացել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ԲԴԽ 27.02.2020 թ. որոշմանը կից Հովհաննիսյանի ներկայացրած հատուկ կարծիքում տեղ գտած արտահայտությունները: Ըստ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ Հայկ Հովհաննիսյանի դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները: