ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է կին քաղաքական գործիչների նկատմամբ ատելության խոսքին:
«Չի կարելի կանանց «սորտավորել»: Ընդդիմադիր կամ իշխանական կին չի լինում, կինը մնում է կին: Ինձ 17 անգամ այրելու, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու, 6 անգամ էլ կախելու կոչ են արել սոցցանցերում: Խոսքը «ֆեյքերի» ինդուստրիայի մասին չէ, որոնք թաքնվում են անունների տակ: Խոսքն իրական օգտատերերի մասին է, և ոչինչ չարվեց ինձ պաշտպանելու համար: Իհարկե, ես չեմ կոտրվում, բոլորը գիտեն, որ ինձ կոտրել հնարավոր չէ, ես ներում եմ բոլոր այդ մարդկանց, որ ապրեմ խաղաղ ու հանգիստ, բայց երբեք չեմ մոռանա այդ անունները»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ փոքր պատերազմները թողնում է փոքր մարդկանց:
Ըստ տիկին Զոհրաբյանի՝ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակներում: Բայց մյուս կողմից նա չի հավատում, որ խնդիրը հնարավոր է լուծել օրենսդրական կարգավորումների միջոցով: Զոհրաբյանի կարծիքով՝ քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու հասարակությունը պետք է կարմիր գծերը չանցնելու վերաբերյալ գան ջենտլմենական պայմանավորվածության: