Զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը կկարգավորվի՝ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ ԱԺ-ում «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ մինչ օրս յուրաքանչյուրը կարող էր ԱՁ բացել և առանց որևէ հսկողության, նաև այս ոլորտում ծառայություններ մատուցել: Սակայն այժմ օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է դաշտը: Պատգամավորն ասաց, որ այսուհետ օրենքով նախակրթարանները և զարգացման կենտրոնները պարտադիր կլիցենզավորվեն:
Պատգամավորի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների ծրագիրը կհարմարեցվի հանրակրթությանը, և երեխաների համար կապահովվի սահուն անցում դեպի դպրոց։
«Տեղի է ունենալու ընդհանուր կրթական գործընթացի, միևնույն ժամանակ երեխաների կարիքների արտաքին և ներքին գնահատում։ Ռեսուրս կենտրոններն ու գնահատման կենտրոնը երեխաների կարիքների գնահատում կանի, որն էլ ներառականության ապահովման կարևորագույն չափաբաժինն է»,- ասաց Հովսեփյանը։
Ձեռնարկատիրական գործունեության առումով լրացուցիչ գործողությունների կարգ ևս կսահմանվի, որոնցով կարող են զբաղվել նախադպրոցական հաստատությունները։ Կլինի հավելյալ աջակցություն, և նախադպրոցական հաստատությունները կունենան նաև ինքնուրույն ֆինանսական միջոցներ։