Ապրիլի 30-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը: Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում բարձր է գնահատվել Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը: