Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդեռլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։
«Կարևորելով բարեկամության և փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-նիդեռլանդական հարաբերությունները՝ մենք մեծապես շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու Նիդեռլանդների հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։
Օգտվելով առիթից՝ խորին երախտագիտություն եմ հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս փորձությունը:
Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Բոլորիս համար դժվարին և մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»,- մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։