Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պայքարում է կորոնավիրուսի վարակով պայմանավորված վատթարացած վիճակի դեմ: Միացյալ Թագավորության կառավարումը ժամանակավորապես անցել է արտգործնախարարին՝ գրում է Reuters գործակալությունը: Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի վատթարացումը համընկել է երկրում համավարակի ամենամահաբեր շաբաթվա հետ:
55-ամյա Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատից հիվանդանոց էր տեղափոխվել կիրակի օրը, երբ նրա մոտ ի հայտ են եկել վարակի սուր ախտանշաններ, այդ թվում՝ բարձր ջերմություն, հազ, որն արդեն շարունակվում է 10 օր:
Վերջին 24 ժամվա ընթացքում նրա վիճակը կտրուկ վատացել էր, և նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ բուժում են ստանում ամենածանր հիվանդները: Թեպետ նա թթվածին է ստացել, այնուամենայնիվ, հայտնի է դարձել, որ Ջոնսոնը չի կորցրել գիտակցությունը: