Ամենաառաջնայինը մեզ համար մեր քաղաքացին է՝ այս խոսքով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր իր ասուլիսը մեկնարկեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով գերատեսչության՝ վերջին օրերին իրականացված աշխատանքները:
«Հայաստանից դուրս գտնվող մեր քաղաքացիներին, որոնք ուզում են վերադառնալ հայրենիք, կոչ ենք անում կապ հաստատել մեր դեսպանությունների, մեր դիվանագիտական ներկայացուցիչների և նախարարության հետ, ուր գործում են շուրջօրյա թեժ գծեր: Դա անհրաժեշտ նախապայման է մեր աշխատանքները դյուրացնելու համար»,- ասաց Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ քաղաքացիների կապը նախարարության և դեսպանությունների հետ թույլ է տալիս գնահատել իրավիճակը և օգնում է հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները ճիշտ համակարգելու և իրագործելու:
Նախարարի տեղակալի խոսքով՝ տարհանման բազմաթիվ գործողություններ են իրականացվել և՛ Չինաստանից, և՛ Իտալիայից, այս գիշեր՝ նաև Կալկաթայից: Ադոնցը նշեց, որ այս գիշեր Կալկաթայից Երևան է ժամանել 68 քաղաքացի՝ երեխաներ և ուսուցիչներ, որոնք սովորում էին Կալկաթայի Հայոց բարեգործական դպրոցում:
Նախարարի տեղակալը նշեց նաև, որ գերատեսչությունը համակարգված աշխատանք է իրականացնում առողջապահության նախարարության հետ միասին, և այժմ քննարկվում է բժշկական սարքավորումների և նյութերի ներմուծումը Հայաստան: Ադոնցը նշեց նաև, որ նախարարությունն անում է ամեն բան՝ բեռնափոխադրումները դյուրացնելու համար և բարձր գնահատեց համագործակցության մակարդակը Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ:
Ադոնցը նշեց, որ Իտալիայում մեր քաղաքացիներից մեկը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, արդեն ապաքինվել է և ամենօրյա կապի մեջ է դեսպանության հետ: Նախարարությունն այժմ քննարկում է նրան հայրենիք վերադարձնելու հնարավորությունները:
«Մոտ 46 երկրում մի քանի հարյուր մեր քաղաքացիներ կան, որոնց անուն առ անուն գիտենք, բոլորի հետ ամենժամյա կապի մեջ են դեսպանությունները»,- նշեց Ադոնցը: