Կորոնավիրուսի պատճառով ստեղծված այս իրավիճակում կարևոր է հասկանալ՝ որտեղ ենք գտնվում, հասկանանք, թե ինչ հատուկ քայլեր պետք է արվեն իրավիճակը շտկելու համար: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ հայտարարեց ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Նաբարրոն:
Նա նշեց, որ բոլոր երկրները, հասարակությունները պետք է քայլեր ձեռնարկեն, միասնական լինեն, որպեսզի թե մարդկանց, թե տնտեսությանը հնարավորինս նվազագույն վնաս հասցվի:
«Որպես ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ պատրաստ եմ անել ամենը՝ տեղեկություն տալ և հատկացնել ուղեցույց: Իհարկե, չեմ կարող բոլոր դրույթները ներկայացնել, սակայն կանեմ առավելագույնը: Կորոնավիրուսը նոր վարակ է, որն այլ վարակներից տարբերվում է նրանով, որ այլ վարքագիծ է դրսևորում: Այս վարակի առանձնահատկությունն այն է, որ արագ է փոխանցվում: Միջինը վարակված մեկ անձից վարակվում է 2-3 հոգի: Կան մարդիկ, որոնք վարակը կարող են ավելի շատ փոխանցել, տարածել, մյուսները՝ քիչ: Այս վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, երբ մարդը հազում է, փռշտում կամ նույնիսկ խոսում»,- բացատրեց Նաբարրոն: