Իսրայելական ImageSat International ընկերությունը, որը Eros-B արբանյակի օպերատորն է, արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցից երևում է Իրաքի սահմանից ոչ հեռու ընկած սիրիական Ալ-Բուքամալ տարածքում տեղակայված «Քաթաիբ Իմամ Ալի» (Իմամ Ալի գումարտակներ -խմբ.) շիական ռազմաբազան:
Դատելով մարտի 18-ին արված և այսօր հրապարակված լուսանկարներից, հենակետում գտնվող 15 օբյեկտներից 13-ը ամբողջությամբ ավերված են, երկու օբյեկտ էլ մասամբ են ավերված: Ընդ որում, գործ ունենք ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա ռազմական օբյեկտների հետ:
ImageSat հրատարակությունը նշում է, որ հարձակումը, որի մասին առանձնապես չի խոսվել, տեղի է ունեցել այս տարվա մարտի 11-ին և «վերագրվում է ԱՄՆ Զինված Ուժերին»: Մինչդեռ սաուդիներից հովանավորվող լոնդոնյան SOHR-ը հայտնում է, որ պրոիրանական օբյեկտների վրա մարտի 11-ին հարձակվել են իսրայելական երեք անօդաչու ինքնաթիռներ, լսվել է առնվազն 10 պայթյուն, նյութական կորուստներ հասցնելուց բացի, սպանվել են 18 շիա աշխարհազորայիններ:
Հիշեցնենք, որ Սիրիան և Իրաքը բազմիցս են մեղադրել Իսրայելին՝ այս տարածքում գրոհներ կազմակերպելու մեջ: Նախորդ այդպիսի հարվածն, օրինակ, հասցվել էր հունվարի 10-ի լույս գիշերը:
Ալ-Բուքամալի նոր սահմանային անցակետը, որը գտնվում է իրանամետ զինված ուժերի փաստացի հսկողության տակ, ԻԻՀՊԿ «Ղոդս» ուժերի ղեկավար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անձնական նախագիծն էր:
Սոլեյմանին, անշուշտ, ո՛չ առանց Իրանի բարձրագույն ղեկավարության, շահագրգիռ էր, որպեսզի Սիրիայից ահաբեկիչները չանցնեն Իրաք և հակառակը՝ հետագայում խնդիրներ ստեղծելով Իրանի համար, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը հայտարարում էին, թե խնդիրն այդ միջանցքով Իրանից Սիրիա, իսկ հետագայում նաև Լիբանան հասցվելիք զենքի անխափան մատակարարումն էր:
Այսպիսով, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ առավել ևս Իսրայելը պատասխանատվություն չեն ստանձնել Ալ-Բուքամալի շրջանում շիական ռազմաբազան խոցելու համար: Բայց կա ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխաուի հայտարարությունն այն մասին, թե «Իրանն ակտիվորեն օգտագործում էր Ալ-Բուքամալի մերձակայքում գտնվող սահմանային անցումը՝ Սիրիայի և Իրաքի միջև զենք փոխադրելու համար», և բացահայտ սպառնալիքը, թե «Իսրայելը չի կարող իր քթի տակ նման հաղորդակցային միջանցք հանդուրժել»:
Փորձագետները այս զարգացման ներկա հանգրվանը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների շարունակական հրթիռակոծումն են համարում շիական «Քաթաիբ Հեզբոլլահի» կողմից, որի արդյունքում, ինչպես երեկ հաղորդեցինք, ԱՄՆ-ն որոշել է իրաքյան ութ ռազմաբազաներից երեքից տարհանել իր զորքերը:
ԱՄՆ պաշտոնական բացատրությամբ, սակայն, նման որոշման պատճառը Իրաքի բանակի առավել մարտունակ դառնալն ու անհրաժեշտ օժանդակության նվազեցումն է: