ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացում հայտնեց, որ ստեղծված իրավիճակում միջազգային փորձն ուսումնասիրելով՝ տարբեր մեթոդներ են կիրառվում, այդ թվում՝ հարկային արտոնությունների կամ արձակուրդների տրամադրում: Կառավարությունում քննարկումների արդյունքում, ելնելով նաև տնտեսության առանձնահատկություններից, որոշվել է, հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ չունենալու համար, ձեռնպահ մնալ հարկային արտոնություններից և հարկային արձակուրդներից: Որոշվել է, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, հասցեական օժանդակություններ:
«Այսօրվա կառավարության նիստին քննարկված նախագիծը նախնական փաստաթուղթ է, որը պետք է ամբողջականացնենք, և երկու օրից կկարողնանանք օժանդակության կոնկրետ ձև առաջարկել մեր տնտեսվարողներին»,- ասաց Անանյանը:
Անդրադառնալով հարցին, թե որոշ ոլորտներում հարկերի հետաձգումներ կլինեն թե ոչ, և ինչպիսին կլինի արտակարգ դրությամբ պայմանավորված պետբյուջեի եկամուտների հավանական նվազումը, Անանյանը նշեց՝ հարկային հետաձգումների փոխարեն կլինեն օժանդակություններ:
«Համաշխարհային տնտեսության մեջ վերափոխումներ են ենթադրվում, և տնտեսական կոլապսների ենք ականատես լինում: Այսօր լոկալացնել այդ խնդիրը և խոսել ՀՀ պետբյուջեի հարկային կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է: Այո, ունենալու ենք պետբյուջեի թերակատարում, բայց թե որքան՝ ես և ոչ մեկը պատրաստ չէ դա ասել այս պահին: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարկային վճարողների և հարկային մարմնի լավ գործընկերային փոխհարաբերությունները պահպանվեն:
Կան նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության՝ առաջիկայում սպասվող դժվարուոթյունները»,- ընդգծեց Դավիթ Անանյանը: