Դատարանն այսօր հետաձգել է պաշտպանական կողմի միջնորդության լուծումը՝ «Մարտի 1»-ի գործով 4 ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները այսօրվա նիստում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հիմքում դնելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արված այն հայտարարությունը, թե իշխանությունը ցանկանում է, որ բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման:
Արմեն Դանիելյանը Վերաքննիչի այն դատավորն է, որի որոշմամբ հունիսին երկրորդ անգամ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը: Պաշտպանները պնդում են, որ նախագահողը օբյեկտիվ չի կարող քննել «Մարտի 1»-ի գործը։
Դատախազներն ու տուժող կողմը, սակայն, առարկել են ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ Դանիելյանի որևէ գործողության դեմ առարկություն չի դրվել բացարկի հիմքում, իսկ ներկայացված հայտարարությունները չեն կարող դիտարկվել վարույթից հրաժարվելու հիմք։