ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, տնտեսության վրա բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված էր վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքների մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում էր 2020 թվականին:
Նա ասաց, որ խոսքը 930 ապրանքների մասին է, որից 647-ի մասով մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2020-ի վերջ: Մասնավորապես, ըստ Մհեր Գրիգորյանի, արտոնությունը վերաբերում է հետևյալ ապրանքներին՝ միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք և այլն:
Փոխվարչապետը հատուկ ընդգծեց, որ արտոնության երկարաձգումը չի վերաբերում միայն տրանսպորտային միջոցներին:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ արտոնության արդյունքում ՀՀ քաղաքացիները շուրջ 30 մլն դոլար խնայողություն կունենան: «Հույս ունենք, որ այդ խնայված միջոցները ճիշտ կծառայեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելուն»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը: