Օպերային հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել 20 կնոջից, որոնք իրեն մեղադրել են սեռական ոտնձգությունների և ոչ պատշաճ պահվածքի համար:
Այս մեղադրանքների պատճառով Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը և Սան Ֆրանցիսկոյի Օպերան չեղարկեցին նրա ելույթներն իրենց բեմերում: 2019 թվականի հոկտեմբերին էլ Դոմինգոն հեռացավ Լոս Անջելեսի Օպերայի գործադիր տնօրենի պաշտոնից:
79-ամյա Պլասիդո Դոմինգոն հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ օպերային երգիչների շահերը ներկայացնող արհմիությունը ավարտեց օպերայի աստղի դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ իր հետաքննությունը և հաստատեց, որ երգիչը սիրահետել է կին գործընկերներին, սեռական ոտնձգություն արել կանանց նկատմամբ ինչպես աշխատանքի վայրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Կանայք պնդում են, որ այդ ամենը սկսվել է 1980-ականներից, և երգիչը փչացրել է այն երգչուհիների կարիերան, որոնք նրան մերժել են: Դոմինգոն ամուսնացած է իր երկրորդ կնոջ՝ սոպրանո Մարթա Օրնելասի հետ 1962 թվականից: