Դատարանը գտավ, որ դատախազը պետք է շարունակի աշխատել, սակայն մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ դատախազն անաչառ չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա նշեց, որ պաշտպանական թիմը շարունակելու է ամեն դատական նիստին ապացուցել, որ մեղադրողն անաչառ չէ: «Մենք նրա անձի դեմ ոչինչ չունենք, մեր դժգոհությունը կապված է նրա գործունեության հետ»,- հստակեցրեց Մակինյանը:
Անդրադառնալով գործի մանրամասներին՝ պաշտպանն ասաց, որ հարցում է արել Ազգային վիճակագրական ծառայությունից, թե 2013-ին ի՞նչ արժեր դիզվառելիքը, և ստացել է պատասխան, որ այդ ժամանակ մանրածախ վաճառքի գինը եղել է 457-460 դրամ: «Առաջարկվել է մի գին, որն իրատեսական չէ, և այդ փաստն ուղարկել եմ քննիչին, որպեսզի կցվի գործին, բայց քննիչը մերժել է»,- նշեց նա: